ՀՀ ԳԱԱ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Համակարգող՝ պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյան
ՇՀՀ կենտրոնում հնագիտական հետազոտություններ են կատարվել երեք ծրագրերի շրջանակներում
1. Շիրակի անտիկ բնակավայրերը և դամբարանադաշտերը (1997-2000թթ.)
2. Անիի նյութական մշակույթը ըստ նորահայտ հնագիտական հուշարձանի (2001-2004թթ.)
3. Շիրակի հնագիտական ուսումնասիրությունները (2005-ից մինչև օրս)
1. «Շիրակի անտիկ բնակավայրերը և դամբարանադաշտերը»
Բենիամինի դաստակերտի հելլենիստական ժամանակաշրջանի կառույցների ճարտարապետության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ք.ա. I դարում Հայաստանում կառուցվում էին եռանավ սյունազարդ դահլիճներ: Մոտ 1,5 դար շարունակվող կառուցապատման գործընթացի փուլային դիտարկման արդյունքում բացահայտվում են տարբեր գործառնության շենքերի հատակագծման սկզբունքների, շինարարական տեխնիկայի, ճարտարապետական մանրամասների զարգացման և ձևափոխման բազմաթիվ հարցեր:
Դամբարանադաշտերի ուսումնասիրությամբ դիտարկվել են թաղման ձևերի և ծիսակարգերի փոփոխություններն ու զարգացումները Ք․ա․ I-Ք.հ. IV-Vդդ. ընկած ժամանակահատվածում: Աշխարհագրորեն իրարից ոչ հեռու՝ 20 կմ շառավիղով, սակայն ժամանակագրական որոշակի հաջորդականություն ունեցող հուշարձանների թաղման ձևերի և ծեսերի փոփոխություններով լուսաբանվել են հասարակության սոցիալ-տնտեսական կյանքը, նյութական և հոգևոր մշակույթի զարգացումը: Ուսումնասիրության համար նպաստավոր է նաև այն հանգամանքը, որ բացված դամբարանները հիմնականում շարքային թաղումներ են: Պեղված մոտ 300 դամբարաններում հստակ դրսևորվում է ժամանակի ընթացքում թաղման տեսակների և ծեսերի բազմաձևության անշեղ նվազում, որը Ք.հ. IV-Vդդ. արդեն վերածվում է համատարած միատիպության, ինչը ոչ միայն սոցիալական հիմք ունի, այլ նաև կարող էր բխել նոր գաղափարախոսության՝ քրիստոնեության պահանջներից:
2.«Անիի նյութական մշակույթը ըստ նորահայտ հնագիտական հուշարձանի»
2001-2002թթ․ ՀՀ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի վարչական տարածքում, Ախուրյանի ձախ ափին, Հոռոմոսի վանքի դիմաց ընկած հրվանդանի հնագիտական հետախուզության արդյունքում պարզ դարձավ, որ հյուսիս-հարավ ձգվածությամբ տարածքը բազմաշերտ հուշարձան է՝ երկաթիդարյան, անտիկ և միջնադարյան բնակավայրերից պահպանված կառույցների հետքերով, անտիկ և վաղ միջնադարյան կիսավեր դամբարաններով, վերգետնյա հարուստ նյութով: Հրվանդանի դեպի գետն իջնող դարավանդի միջին հատվածում` տուֆի շերտի մեջ, հայտնաբերվեց նաև քարանձավային բնակավայր՝ իրար հաղորդակցվող ձեռակերտ և բնական քարանձավներով: Քարանձավային բնակավայրը գտնվում է Անիից 3 կմ հյուսիս՝ մայրաքաղաքի և նրա հյուսիսային դարպասի՝ Հաղթակամարի միջև, ուղիղ Հոռոմոսի վանքի դիմաց: Ախուրյան գետի ափամերձ զառիթափ հատվածում, դեղնավուն տուֆի շերտի մեջ պահպանվել են մի գծով, կողք կողքի փորված քարանձավներ, որոնք հասնում են մինչև հրվանդանի ծայրը: Վերին հարթակից թեքությամբ իջնող երկրորդ՝ տուֆի շերտի մեջ քարանձավներն են, որոնք կիրճի մակարդակից նույն բարձրության վրա են՝ 15-20 մ: Նորահայտ հյուսիսային արվարձանի պեղումները թույլ են տալիս փաստել, որ այս համալիրներն ստեղծվել են բավականին երկար ժամանակահատվածում և իրենց վերջնական ձևավորումը ստացել են Բագրատունիների ժամանակ: Արվարձանի պեղումները փաստում են նաև, որ քարանձավային բնակավայրը գոյատևել է Անիի քաղաքական անկումից հետո էլ, և կյանքն այստեղ շարունակվել է ընդհուպ մինչև XX դար: Հրվանդանի վերին հարթակի վրա հայտնաբերվեց նաև ուշ ուրարտական ամրոց: Գտածոների մեջ կան աշխատանքային գործիքներ քարից ու ոսկորից, խեցեղենի բազմապիսի նմուշներ և կենցաղային իրեր:
3.«Շիրակի հնագիտական ուսումնասիրություններ»
ՈՒսումնասիրություններ են կատարվել Ազատան (Ք.ա. VIII-VIIդդ. բնակավայր և դամբարանադաշտ, Ք.ա. միջին բրոնզի մի դամբարան), Շիրակավան (Ք.ա. XI-VIIդդ. դամբարանադաշտ), Կարմրաքար (Ք.ա. VIII-VIIդդ. դամբարան), Հացիկ (Ք.ա. I հազար-ամյակի դամբարան), Կապս (վաղբրոնզիդարյան բնակավայր և դամբարանադաշտ), Գյուլիբուլաղ (վաղբրոնզիդարյան բնակավայր, անտիկ դամբարանադաշտ), Քեթի (Ք.ա. VIII-VIIդդ դամբարան) հնավայրերում: Մեծ Սեպասարը պատկանում է Հայկական լեռնաշխարհում վաղ բրոնզի դարաշրջանին հատուկ, բնական բլրի վրա կառուցված հուշարձաններին: Հնավայրը թվագրվում է Քուռարաքսյան մշակույթի վերջին փուլով՝ Ք.ա. XVIII-XXVI դդ.: Կյանքը տարաժամանակյա ընդհատումներով այստեղ շարունակվել է ընդհուպ մինչև ուշ միջնադար: Մեծ Սեպասարում պեղվել է վաղբրոնզիդարյան պաշտամունքային համալիր՝ իր օժանդակ կառույցներով: Սրբարանն ուղղանկյուն կառույց է, ունի հյուսիս-հարավ ձգվածություն. երկարությունը 5,5մ է, լայնությունը՝ 4,7մ: Այստեղ բացված սրբարանը եզակի է պահպանված յոթ գայլերի զոհաբերության ծեսի մնացորդներով, ինչպես նաև Նոր տարվան նվիրված ծիսակարգի այլ մանրամասներով: Այստեղ պեղված հոգևոր և օժանդակ այլ կառույցներում հայտնաբերվել են վաղբրոնզիդարյան խեցեղեն և կարմիր աստառով, պարույրազարդ ամբողջական կարաս ու գավաթներ, տարատեսակ անոթների բեկորներ, ինչպես նաև հենակ-պատվանդաններ, տապակներ, վանակատից նետասլաքներ, մանգաղի ներդիրներ և այլ իրեր: Անկախ խեցեղենի ծիսական կամ կենցաղային կիրառական նշանակությունից, բոլոր իրերը բարձրորակ են: Մեծ Սեպասարի գտածոները բնորոշ են Հայկական լեռնաշխարհի Ք.ա. III հազարամյակի մշակույթին:
2015-2017թթ. ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվել է նաև «Ախուրյանի ավազանի ամրաշինական կառույցները» թեմատիկ ծրագիրը, որի ուսումնասիրության առարկան է տարածքի հայտնի հուշարձանների հաշվառումը, նոր հուշարձանների հայտնաբերումը, քարտեզագրումը, դրանց ժամանակագրական, գործառական և տիպաբանական առանձնահատկությունների բացահայտումը, ամրությունների՝ արդի մասնագիտական գրականության մեջ օգտագործվող անվանումների և ըստ գործառական բնույթի դրանց համապատասխան եզրույթների հստակեցումը, ժամանակագրական հաջորդականությամբ պաշտպանական կառույցների տեղաբաշխման ռազմաստրատեգիական նշանակությունը և հարաբերակցությունը առևտրային ճանապարհների ու բնակավայրերի հետ:
4.«Արագածի հյուսիսարևմտյան լանջերի սոցիալ-մշակութային լանդշաֆտը մ.թ.ա. II-I հազարամյակներում»
Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջերում Ք.ա. II-I հազարամյակներում ձևավորվում են բազմաթիվ պաշտպանված ամրոց-բնակավայրեր, դրանց շուրջ տարածվող ընդարձակ դամբանադաշտեր, բացօդյա սրբավայրեր, հնագույն ջրաբաշխական համակարգեր և այլ համալիրներ։ Արագածի քննվող լանջերի միջգիտակարգային հետազոտությունը հնարավորություն է տալիս հետևելու նշված տարածքների սոցիալ-մշակութային լանդշաֆտի փոփոխություններին, ձևափոխումներին և զարգացումներին։ Հետազոտական խմբի ուշադրության կենտրոնում են ինչպես քննվող լանջերի բարձրլեռնային, այնպես էլ դաշտավայրային հուշարձանները։
ՀետՀամակարգող՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Բազեյան
1997-2002 թթ. իրականացրել է «Տնայնագործությունը և արհեստները Շիրակում XX դարում» թեմատիկ ֆինանսավորմամբ հետազոտությունը՝ նվիրված Շիրակի արհեստներին, տնայնագործությանը, դրանց տեղաբաշխմանը, ավանդական որոշ զբաղմունքների վերացմանը, նոր ժամանակներում դրանցից ոմանց վերականգնման անհրաժեշտությանը, ավանդական տեխնիկատեխնոլոգիական հնարքների պահպանման և դրանց տրանսֆորմացիայի խնդիրներին, նորաբանությունների ու դրանց ձևավորման ուսումնասիրությանը, կիրառական-գեղազարդման ժողովրդական ավանդների սկզբունքների և նորամուծությունների համադրման հարցերին: Հատուկ շեշտադրում է արվել XX դ. էթնոժողովրդագրական գործընթացների և ժողովրդագրական վիճակի փոփոխությունների խնդրի ուսումնասիրությանը, որոնք պատճառ են դարձել ավանդական և ժամանակակից արհեստագործական շատ զբաղմունքներում նկատվող փոփոխությունների, ինչպես նաև բնակչության սոցիալ-պրոֆեսիոնալ կողմնորոշումների ձևավորման գործընթացին: Հետաքրքիր եզրակացություններ են արվել նաև «մայր» արհեստներից կամ էլ արհեստագործական ճյուղերից մանր տնայնագործական զբաղմունքների սերման ու գոյատևման խնդիրների հարցում, որոնք առավել արդիական դարձան վերջին տասնամյակում ՀՀ տնտեսական ու սոցիալական նոր իրավիճակների արդյունքում: Ուսումնասիրվել է նաև Գյումրու և Շիրակի արհեստավորական հարուստ ներուժի ներգրավման փաստը 1920-1930-ական թթ. արդյունաբերական ձեռնարկությունների հիմնման և տեղերում նոր տիպի զբաղմունքների առաջացման գործում, որոնք բացակայում էին նախկինում: Մեծ ուշադրություն է դարձվել ավանդական և ժամանակակից արհեստների արդիական կիրառական հիմնախնդիրներին ու դրանց ներդրման հնարավորություններին, որը կարող էր օգնել մարզի բնակչության զբաղվածության հարցի լուծմանը:
2002-2004 թթ. իրականացվել է «Տնտեսական զբաղմունքներն ու տնտեսության յուրացնող ձևերը Շիրակում XIX-XX դդ.» թեմատիկ ֆինանսավորմամբ ծրագիրը, որի շրջանակում ուսումնասիրվել են Շիրակի բնակչության ժամանակակից տնտեսական զբաղմունքներն իրենց որակական և քանակական դրսևորումներով, տնային տնտեսությունները, տնտեսության օժանդակ ճյուղերի կազմակերպման ձևերը, դրանց էթնոժողովրդագրական բնութագիրը: Կատարվել են գիտական համեմատական վերլուծություններ՝ ավանդական խորհրդային և արդի ժամանակային կտրվածքով, գնահատվել տնտեսության օժանդակ ճյուղերի և տնային տնտեսությունների արտադրանքի համախառն արդյունքը մարզի տնտեսության համախառն արդյունքի մեջ, ինչպես նաև՝ սոցիալական և սեռատարիքային փոփոխությունների գործընթացները: Հետաքրքիր եզրակացություններ են կատարվել նաև ավանդական տնտեսաձևերից ու արհեստագործական ճյուղերից մանր տնայնագործական զբաղմունքների սերման ու գոյատևման խնդիրների հարցում, որոնք առավել արդիական դարձան վերջին տասնամյակում: Վեր են հանվել ավանդական և նորութային զբաղմունքների փոխ¬առնչությունները, որոնք հիմք հանդիսացան ժամանակակից տարատեսակ տնտեսաձևերի առաջացման:
2005 թ.-ից մինչ օրս «Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ» բազային ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակներում իրականացվում են «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու պատմազգագրական ուսումնասիրությունը» և «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու առաջնային արտադրության և կենսապահովման մշակույթը» ենթաթեմաները, որոնք ընդգրկում են քաղաքի պատմական զարգացման բոլոր փուլերի ուսումնասիրությունը: Հայ ազգագրության մեջ քաղաքային բնակչության կենցաղամշակութային համալիրը թերի է ուսումնասիրված, իսկ Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին ավանդական հայկական և դրսեկ մշակութային տարրերի հաջող խառնուրդի լավագույն օրինակն է, որ ներկայացրել ու մինչ օրս ներկայացնում է արևելահայ ու արևմտահայ մշակույթների յուրատեսակ սինթեզ: Քննվել են Ալեքսանդրապոլ քաղաքի կենսապահովման, սոցիոնորմատիվ ու հումանիտար մշակույթի կարևոր դրսևորումները, մասնավորապես՝ քաղաքի ուրույն դիմագծի ձևավորումը, որն արտահայտվում էր XIX դ. երկրորդ կեսից եվրոպական տիպի բնակարանների կառուցման, դրանց ներքին հարդարման մեջ, ինչպես նաև հագուստի համալիրում և ուտեստում: Ուշադրության կենտրոնում են նաև հասարակական-ընտանեկան հարաբերությունների ոլորտը`ալեքսանդրապոլյան ընտանիքն ու ընտանեկան ծիսակարգը, քաղաքացիների ժամանցի կազմակերպման ձևերը, տոներն ու հավատալիքները և բազմաթիվ այլ երևույթներ: Զուգահեռ իրականացվում են նաև «Շիրակի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական դրությունը XX-XXIդդ. սկզբին» և «Շիրակի գյուղատնտեսության զարգացման և գյուղական բնակչության էթնոաշխարհագրական փոփոխության գործընթացները XX-XXI դդ. սկզբին» ենթաթեմաները:
ՀետՀամակարգող՝ պատմական գիտությունների դոկտոր՝ Սարգիս Պետրոսյան
Շիրակի հնագույն պատմության մի շարք վիճահարույց խնդիրների քննությանը և նորովի լուսաբանմանն են նվիրված կենտրոնում
իրականացված երկու ծրագրերը.
«Ախուրյանի ավազանը մ.թ.ա. I հազարամյակում (բնակչության էթնիկական կազմը, առասպելաբանական պատկերացումները և
պաշտամունքը)» (2005-2011թթ.)Այս երկու փոխշաղկապված թեմաների շրջանակներում կատարվել են հայագիտական հետազոտություններ հետևյալ
ուղղություններով.
Համակարգող՝ պատմ. գիտ. թեկնածու Կարինե Բազեյան
1. Պարզվել են, որ հայ ժողովրդի ժառանգած հնդեվրոպական հասարակության եռադասյա կազմի մոդելը կիրառվել է նաև Շիրակում և, ընդհանրապես, Ախուրյանի ավազանում` նախ և առաջ բնակավայրերի եռյակ համակարգի ձևով. (հմմտ. Շիրակավան-Երազգավորս-Տիգնիս, Անի-Երերույք-Մաղազբերդ, Երվանդակերտ-Բագարան-Երվանդաշատ բնակավայրերի եռյակները): Դրանց առաջին անդամները կենտրոններն են եղել բարիքներ արտադրողների դասի, երկրորդները` քրմական դասի, իսկ երրորդները` զինվորական դասի:
2. Եռադասյա հասարակության մոդելի համաձայն էին տարաբաժանված Շիրակի նախարարական տոհմերը ևս` Կամսարական-Դիմաքսյան-Սահառունի: Այդ տոհմանունների ստուգաբանությունը դրանց ուղղակի վկայությունն է:
3. Հնագույն Շիրակի քրմական դասի գոյության առնչությամբ կարևորվում են այն ստուգաբանությունները, որոնք տարվել են Կամսարական նախարարական տոհմում կիրառված Վարձ/Վարձայ անձնանվան սեպագրային զուգահեռի հայտնաբերումով` ի դեմս քուրմ-արքայի Ուրզանա անվան, ինչպես նաև հնագույն Շիրակի Դուրուբանի բնակավայրի և նրա շրջանի Կուլիանի անունների հայկական զուգահեռների հայտնաբերումով հմմտ.հայ. տորբան և կուլի):
4. Ջրային ոգիների և աստվածությունների պաշտամունքը, գալով վաղ նախնադարից, իր արտացոլումն է գտել ինչպես Ախուրեան գետանվան և սեպագրային Ախուրիանի բնակավայրի անվան մեջ (Ախ-ուր-եան<ախ ՙջուր՚+ուր ՙորդի՚), այնպես էլ հեքիաթային Օխայ/Ուխայի (այստեղ` *ոխ/*ուխ` ՙակունք՚) կերպարի մեջ: Սեպագրային Մակալտունի տեղանունը հնդեվրոպական ծագումով շումերական Ասալդուխի դիցանվան հետ միասին ևս ջրի պաշտամունքի արտացոլումներն են: Դրանց պաշտամունքն իր շարունակությունն է գտել թուխմանուկների պաշտամունքի մեջ:րաց//Մարանց մարգը:
5. Շիրակում Մայր դիցուհու պաշտամունքի ունեցած խոր արմատների մասին է վկայում Անին` նախ և առաջ իր Անի անունով (հմմտ. հ.-ե. *an-/Han-, որից` հայ. հան, հանի ՙտատ, մեծ մայր՚), ապա իր զինանշանի էգ առյուծով: Վերջինս Մայր դիցուհու հայտնի խորհրդանիշ կենդանին էր: Դրա մասին են վկայում նաև Երվանդակերտի ու Բագարանի միջև ստեղծված Ծննդոց անտառը և վերջինիս ու Անիի միջև գտնված Մարաց//Մարանց մարգը:
6. Հայոց մեհենագիր արձանագրությունների վերծանման գործում կարևոր են եղել ինչպես Բուդինի հավաքածուի (Ժնև) բրոնզե ուրարտական թիթեղի մեհենագրությունը և առանձին ժայռապատկերների պատկերագրությունը, այնպես էլ Գյումրու տարածքից հայտնաբերված ուրարտական գոտու բեկորը: Վերջինիս գոյությունը կարևորվում է նաև նրանով, որ արտացոլում է արծվառյուծների պաշտամունքը` Գյումրիում առկա անգամ XIX դ. կառուցված շինությունների վրա (օրինակ, «Պոլոզ Մուկուչ» գարեջրատան կենտրոնական քիվի քանդակները): Սա համահայկական բնույթի պաշտամունք է եղել` արտացոլված նաև Արևմտյան Հայաստանի Անձավ բերդի պեղումներից հայտնաբերված ուրարտական գոտու բեկորի վրա:
7. Հնագույն ժամանակների Շիրակի և շրջակայքի բնակչության հնդեվրոպական-հայկական բնույթի մասին խոսող տեղանունների մեջ առանձնանում են հատկապես լեռնանունները, որոնց սեպագրային առաջին վկայությունները առկա են Ասորեստանի թագավոր Թիգլաթփալասար I-ի մ.թ.ա. 1112թ. արշավանքի նկարագրության մեջ: Այդտեղ հիշատակված Շախիշարան (Շախի-Շարա) Արագածն է, Խաշտարայեն Հաշտ-Արայե) Արայի լեռն է և այլն:
8. Լուրջ ուշադրություն է հատկացվել Երվանդունյաց Նոր (Երկրորդ) թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. IVդ. վերջեր-մ.թ.ա. IIIդ. վերջ) Շիրակում և Ախուրյանի ավազանում տեղի ունեցած անցուդարձին: Ճշտվել է, որ մ.թ.ա. 201թ. Երվանդավանի ճակատամարտի վայրը` Երվանդավանը, նույն Անին է: Նրա մոտ է տեղի ունեցել ճակատամարտը Երվանդ Վերջին թագավորի և գահի հավակնորդ Արտաշեսի (ապագա Արտաշես I) զորքերի միջև: Ճշտվել է նաև Երվանդավանի կառուցողը` Օրոնտես-Երվանդը (Հայաստանի անկախությունը վերականգնողը) լինելու հանգամանքը, որի անունով էլ Անին վերանվանված է եղել Երվանդավան: Ճշտվել է նաև Երվանդ Վերջինի նախորդի` Մեծ Հայքի թագավորի ինքնությունը: Դա եղել է Արշամը` Անանուն պատմիչի (Սեբեոս) բերած Հայոց արքայացանկում և ՙՎրաց պատմության՚ (ՙՔարթլիս ցխովրեբա՚) մեջ կոչված Արշակ:
9. Թեմաների վրա աշխատելիս անդրադարձ է կատարվել նաև հայագիտության բնագավառին վերաբերող այլևայլ հարցերի, որոնք, ճիշտ է, Շիրակի և Ախուրյանի ավազանի հետ ուղղակի կապ չունեն, սակայն այս կամ այն կերպ առնչվում են նրան և հնարավորություն ընձեռում մ.թ.ա. I հազարամյակի Շիրակի և Ախուրյանի ավազանի բնակչության էթնիկական կազմի, առասպելաբանական պատկերացումների և պաշտամունքի մասին ավելի որոշակի պատկերացում կազմելու համար: Թեմաների շրջանակներում հեղինակվել են ավելի քան 8 տասնյակ հրատարակված գիտական աշխատություններ: Կան նաև հրատարակության մեջ գտնվող մի քանի հոդվածներ և դեռևս անմշակ նյութեր:
Համակարգող՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյան
Արկադի Ակոպովն իրականացնում է Տայքի XVI դ. – XIX դ. I երեսնամյակի վարչա-ժողովրդագրական պատկերի ուսումնասիրություն: Նպատակն է վեր հանել Տայքի հայության շրջանում ուղղափառ քաղկեդոնիկ դավանանքի տարածման պատճառները, ընթացքն ու հետևանքները, ներկայացնել Տայքի տեղն ու դերը 1830-1918 թթ. Օսմանյան և Ռու¬սական կայսրությունների վարչատարածքային բաժանումների համակարգում, լուսաբանել բնակչության մեխանիկական հաշվեկշռի փոփոխության շարժառիթները, վերլուծել ժողովրդագրական գործընթացների առանձնահատկությունները:
Արմեն Հայրապետյանը զբաղվում է Արևելյան Շիրակի և Ալեքսանդրապոլի գավառի XIXդ. - XXդ. առաջին երկու տասնամյակների վարչաժողովրդագրական պատկերի, սոցիալ-տնտեսական, մշակութային, հասարակական և քաղաքական կյանքի հետազոտությամբ: Վերջին տարիներին ուսումնասիրության հիմնական առարկան է արևմտահայ գաղթականության՝ Ալեքսանդրապոլի գավառի տարածքում տեղաբաշխման, գավառի էթնոժողովրդական պատկերի վրա գաղթերի թողած ազդեցության, գաղթականության ընդունման ժամանակ առաջացած խնդիրների, հասարակական կազմակերպությունների գործունեության գիտական վերլուծությունը:
Կարինե Ալեքսանյանը 2005-2013թթ. զբաղվել է Առաջին աշխարհամարտի տարիներին Ալեքսանդրապոլի գավառում հաստատված գաղթականության խնդիրների լուսաբանմամբ: Ներկայումս Կ. Ալեքսանյանն իրականացնում է «Սոցիալ-տնտեսական և հասարակականքաղաքական կյանքը Ալեքսանդրապոլի գավառում Հայաստանի առաջին Հանրապետության շրջանում» ենթաթեման: Ուսումնասիրվում են մասնավորապես հետազոտության կարոտ այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ալեքսանդրապոլում ստեղծված տեղական իշխանության և ՀՀ կենտրոնական իշխանության մարմինների հարաբերությունների, տեղական իշխանության մարմինների և խորհրդարանական ընտրությունների, կուսակցական պայքարի, բոլշևիկյան շարժման, մայիսյան ապստամբության պատճառների և հետևանքների վերաբերյալ հաճախ վիճա¬հա¬րույց հարցերը:
Գևորգ Այվազյանը համակարգում է և գիտական մշակման ենթարկում XIXդ. երկրորդ կեսի արևելահայ պարբերական մամուլում Ալեքսանդրապոլի հասարակական-քաղաքական և կրթամշակութային կյանքին վերաբերող նյութերը, գիտական քննության է ենթարկում ալեքսանդրապոլցիների մասնակցությունը Հայ ազատագրական շարժմանը, ուսումնասիրում է Ալեքսանդրապոլի բարեգործական-մշակութային ընկերությունների, գրադարանների, տպարանների և գրավոր մշակույթի պատմությունը:
Ինգա Ավագյանը «Մեծ եղեռնը վերապրածները» ենթաթեմայի շրջանակներում կատարում է Հայոց ցեղասպանության ականատես վկաների և Ալեքսանդրապոլի որբանոցների սաների հուշերի, լուսանկարների, անձնական իրերի հավաքում և գիտական մշակում: Հրատարակում է «Մեծ եղեռնը վերապրածները» մատենաշարը:
Համակարգող՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Սահակյան
Կարինե Սահակյանի ղեկավարությամբ խումբը հետազոտել է հետաղետյան շրջանի ավանդական բանահյուսության ու ծիսատոնական համակարգի կրած փոփոխությունները, ազգային մտածելակերպի և սոցիալ-հոգեբանական ապրումների տեղաշարժերը: Կատարվել են ընտանեկան ծիսական բանահյուսության, հավատալիքների, սգո և թաղման արարողությունների, երազատեսության, կանխազգացումների մասին մեծածավալ նյութի հավաքում ու մշակում: Ձևավորվել է նյութի ուսումնասիրության էթնոհոգեբանական հայեցակարգ, հստակեցվել են գիտական պատկերացումները միգրացված ընտանիքների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների մասին: Գրառված բանահյուսական, ազգահոգեբանական նյութերն ամբողջական պատկերացում են տալիս աղետյալների հոգեվիճակի մասին՝ հնարավորություն ընձեռելով նոր խնդիրների առաջադրման և ուսումնասիրության այժմեական եղանակների կիրարկման: Բանահյուսական ավանդական և արդի նմուշների ուսումնասիրությանը զուգընթաց՝ կատարվել է աղետի բանահյուսության ուսումնասիրում՝ իբրև անձի հոգեբանական պաշտպանական մեխանիզմ սթրեսների կամ ճգնաժամերի պահին:
«Հայ ժողովրդական տոների սովորութամշակութային կենցաղի ու տոնական վարքագծի նորահայտ դրսևորումները» ենթաթեմայի շրջանակներում կատարվել են ավանդական տոնակատարությունների նկարագրություն, տոների հայկական ավանդական մշակույթի, ժամանակակից դրսևորումների ու մեկնաբանության, Հայաստանի ազգագրական տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Շիրակում, տոների արդի զարգացումների քննություն: Ի մի են բերվել բանահյուսության ժանրերն ու դրանց առանձնահատկությունները. հմայական բանաձևեր, ժողովրդական հեքիաթներ, ծիսական երգեր, օրորոցային ու մանկախաղաց երգեր, սիրերգեր, ասույթաբանություն` առած-ասացվածքներ, հանելուկներ, ժողովրդական խաղիկներ, մաղթանքներ, օրհնանքներ, երդման բանաձևեր, պարզվել է նյութը կրողների (բանասացներ) սոցիալական կազմը, սեռատարիքային խումբը, հոգեբանական հատկանիշները, դիրքորոշումն ու կողմնորոշումները, արժեքային համակարգը: Խմբի կողմից հավաքվել և համալրվել են մոռացված կամ կորսված հայկական տոհմիկ ճաշերի բաղադրատոմսեր՝ որպես նյութական մշակույթի կարևոր բաղադրիչներ, և դրանք ներկայացվել են հանրությանը:
2013 թ. սկսած՝ խումբը պարբերաբար կազմակերպում է «Հացի տոն Գյումրիում», «Ազգային խոհանոց» փառատոներ և ավանդական կենցաղի ցուցահանդեսներ, «Տյառնընդառաջը Գյումրիում», «Սբ Զատիկ» տոնական հանդիսություններ՝ նկատի ունենալով, որ տոներն ու տոնական մշակույթը կհամադրեն ազգային ոգին, էությունը և ավանդույթը՝ դառնալով կարևոր գործոն Շիրակի մարզի, մասնավորապես՝ Գյումրու ազգաբնակչության հոգևոր առողջացման և խթանման ճանապարհին, որ ազգային ծեսերի ու տոների, արհեստների ու արհեստավորական ավանդույթների պահպանումը կնպաստի ազգաբնակչության հոգեկան հավասարակշռմանը, կհզորացնի քաղաքի բնակչության հոգեբանական-պաշտպանական մեխանիզմները, կակտիվացնի ներքաղաքային մշակութային կյանքը, կստեղծի միջմշակութային հաղորդակցման հնարավորություն, նոր սերնդի մեջ դրական վերաբերմունք կձևավորի ավանդական արժեքների հանդեպ՝ նպաստելով ավանդույթների փոխանցմանը: 2014 թ․-ից առայսօր խումբը ձեռնարկել է «Շիրակի մարզի ինտելեկտ քարտեզի կազմումը» ենթաթեմայի իրականացումը, որտեղ կընդգրկվեն համայնքների բնակչության հիմնական կազմը, պատմական անցյալում Ալաշկերտից, Բայազետից, Մուշից, Բասենից, Էրզրումից զանգվածաբար ներգաղթածների շարժընթացը, նաև ազգագրական տվյալ խմբի ավանդապահության աստիճանը, մտախառնվածքի, բնավորության ու հոգեբանության, բարբառախոսվածքային բազմազանությունը բնութագրող սպառիչ տվյալներ:
Համակարգող՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյան
Շիրակի XIX-XX դդ. երաժշտական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ ու դեր ունի հայ ազգային երաժշտական արվեստի զարգացման մեջ: ժողովրդական հարուստ երաժշտական բանահյուսությունը, որը հատկորոշվում էր Արևմտյան Հայաստանի երաժշտական բարբառներից ծնված ժանրային-ոճական առանձնահատկություններով, հիմք հանդիսացավ բանավոր ավանդույթի պրոֆեսիոնալ երաժշտության աննախադեպ վերելքի ու մեծարժեք ժառանգության ստեղծման համար: Շիրակի հայ աշուղների ու սազանդարների ծաղկուն արվեստը, սկսած XIX դ. երկրորդ կեսից, հետաքրքրել է հայ բանագետներին ու երաժիշտ-ֆոլկ-լորագետներին: Կոմիտասը, Ալ. Մխիթարյանցը, Ա. Բրուտյանը, Ն. Տիգրանյանը, Սպ. Մելիքյանը և այլք բարձր չափանիշներով են արժեքավորել այս ժառանգությունը: 1997 թվականից Շիրակի ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության առանձին թեմաների ուսումնասիրությանը ձեռնամուխ է եղել ՇՀՀ կենտրոնի երաժշտագիտական խումբը արվեստագիտության թեկնածու Հ. Հարությունյանի գլխավորությամբ:
Ուսումնասիրությունների առանցքում են ոչ միայն Շիրակի ժողովրդական երգն ու նվագը, այլև ժողովրդապրոֆեսիոնալ ու կոմպոզիտորական արվեստին վերաբերող մասնահատուկ թեմաները: Հավաքվել, քարտագրվել և համակարգվել են մոտ 500 բանահյուսական նմուշներ: Հավաքված նյութերի ծավալը թույլ է տվել հնարավորինս ամբողջական վեր հանել ազգային բանավոր ավանդույթի պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի շիրակյան առանձնահատկությունները. ժանրային, երաժշտալեզվական, երաժշտախոսքային, նվագարանային տիպական գծերը, աշուղների, անհատ կատարողների կյանքի ու ստեղծագործության, ինչպես նաև հայ կոմպոզիտորական արվեստի հետ առնչակցությունների ամբողջական պատկերը: ՈՒսումնասիրության ոլորտում են նաև մուղամի մերօրյա կատարումների և Գյումրիում ներկայումս տարած¬ված տարբերակների երաժշտաոճական առանձնահատկությունները: Ձայնագրվել են երգեր աշուղական սիրավեպերից և հեքիաթներից:
2015-2017 թթ. իրականացվեց «Կարս-Ալեքսանդրապոլ. աշուղական ավանդույթներ և փոխառնչություններ» թեման, որը նվիրված էր XIX դ. Ալեքսանդրապոլում հայ աշուղական ավանդույթի ինքնատիպ կենտրոններից մեկի ձևավորման պատմական նախադրյալների և զարգացման դրսևորումների առանձին խնդիրների լուսաբանմանը: Հստակեցվեց Կարինում պատմականորեն ձևավորված, ապա Կարսից Ալեքսանդրապոլ տեղափոխված աշուղական համքարության վերակազմավորման ու գործունեության ծավալման ժամանակաշրջանը: Կարսի և Ալեքսանդրապոլի հայ և թուրք աշուղների անվանացանկի հստակեցման, նրանց երգերի երաժշտատիպաբանական քննությունը հնարավորություն ընձեռեց հստակորեն տարորոշելու աշուղական ընդհանուր ավանդույթի տիրույթում հայ և թուրք ազգային արվեստների զուգահեռ գոյակցությունը:
Համակարգող՝ բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Հայրապետյան
Վերջին երկու տասնամյակներում մեր ժողովրդի կյանքում կատարված և կատարվող աննախադեպ իրադարձություններն իրենց անբեկանելի կնիքն են թողնում նաև մայրենիի զարգացման ընթացքի վրա՝ երևան հանելով հանրության ներկա հասարակական, քաղաքական, սոցիալական, բարոյահոգեբանական, մշակութային և այլ պայմանների ազդեցությունը հատկապես արդի խոսակցական հայերենի և մասնավորապես՝ նրա տեղական խոսվածքների վրա: Դրա լավագույն վկայություններից է Գյումրու ժամանակակից լեզվավիճակը, ինչի ուսումնասիրման անհրաժեշտությունը հասունացած իրողություն էր: Այդ նպատակով ՇՀՀ կենտրոնի բանագետների խումբը բ.գ.դ. Ս. Հայրապետյանի ղեկավարությամբ կատարում է Կարնո բարբառի Գյումրու խոսվածքի արդի վիճակի համակողմանի ուսումնասիրություն, որի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում միգրացիոն ժողովրդագրական գործընթացներին ու տնտեսական-քաղաքական ազդակներին, որոնք այս կամ այն կերպ իրենց կնիքն են դրել խոսվածքի հետագա ձևափոխումների վրա:
Խմբի հաջորդ քայլը կլինի տեղական խոսվածքի հասարակական տարբերակվածության հարցերի վերհանումը և հանգամանալի քննությունը: Յուրաքանչյուր լեզվական հանրություն, կախված ժամանակից, իր ազգաբնակչության էթնիկական առանձնահատկություններից, այն հասարակական-տնտեսական կացութաձևից, որում գտնվում է, իր սոցիալական ապրելակերպից, բարոյահոգեբանական վիճակից և շատ այլ հանգամանքներից, բնութագրվում է որոշակի հասարակական հատկանիշներով: Դրանց մի մասն ունի ընդհանրական արժեք, որովհետև էական է լեզվական բոլոր հանրությունների համար, որոշ հատկանիշներ էլ կարող են ուղղակիորեն կապված լինել տվյալ հանրության յուրահատկությունների հետ: Այսպես, Գյումրու պարագային, որպես լեզվահատկանիշներ, կարևորվում են նաև այն ժողովրդագրական տեղաշարժերը, որ թելադրված էին 1988-ի երկրաշարժով․ քաղաքի վերակառուցման առանձնահատկությունները, նրա հատակագծային փոփոխությունները, ռուսալեզու (մասամբ՝ նաև երկլեզվակիր) տարրի առկայությունը քաղաքում, ինչպես նաև օրավուր ահագնացող արտագաղթ-արտահոսքի հետևանքով նրա բնակչության աղետալի նվազումն ու տնտեսության համատարած կաթվածով պայմանավորված սոցիալական ծանր իրավիճակը:
Թեև Գյումրու արդի լեզվավիճակի առանձնահատկությունների քննությունը տակավին նոր է սկիզբ առել, և դեռ մեծ ծավալի աշխատանք է պետք նրա արդյունքներն ի մի բերելու, տեսական եզրակացությունների հանգելու, նաև օրինաչափություններ բացահայտելու նպատակով, այնուամենայնիվ հիմա արդեն, ի թիվս այլ եզրահանգումների, կարելի է նաև աներկբայորեն արձանագրել, որ XXդ. վերջին և XXIդ. առաջին տասնամյակները բոլորովին չնպաստեցին այն դրական միտումների կայունացմանն ու խթանմանը, որ բավականին պարզորոշ դիտվում էին հանրապետության երկրորդ քաղաքում լեզվական վիճակի բարելավման մեջ մինչև 1980-ական թվականների կեսերը: Գյումրու ժամանակակից լեզվավիճակի ուսումնասիրությանը զուգահեռ՝ 2012 թ.-ից Կենտրոնում իրականացվում է մանկական բանահյուսության տեքստերի՝ ի մասնավորի օրորոցայինների լեզվաբանագիտական քննություն (ղեկ.՝ Հասմիկ Մատիկյան): Ուսումնասիրության փաստական նյութը անգլալեզու և հայերեն բանահյուսական տեքստերն են՝ վերցված համապատասխան բանահյուսական աղբյուրներից: Քննվում են հայ ժողովրդական օրորոցային տեքստերի կենցաղավարման առանձնահատկությունները, բանահյուսական և հեղինակային օրորոցային տեքստերի տիպաբանական ընդհանրություններն ու տարբերությունները, բացահայտվում օրորոցայինին հատուկ ոճահնարները, առանձնացվում գերակա դարձույթները, ինչպես նաև վերլուծվում են տեքստ/պատկեր առընչությունները օրորոցային տեքստում: