Կրթություն

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Գիտության տարբեր ճյուղերի և կրթության ինտեգրացման նպատակով ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը 2004 թ-ից ծավալել է մագիստրոսական կրթական գործունեություն: Գիտակրթական միջազգային կենտրոնին արտոնվել է իրականացնելու կրթական գործունեություն մագիստրոսական ծրագրով, որը կարող է դառնալ գիտության և բարձրագույն դպրոցի համար կադրերի ընտրության և նախապատրաստման գործնական համակարգ:
ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնելու կրթությունից դեպի գիտական գործունեություն անցման գործընթացը: ԳԱԱ համակարգում կենտրոնացած է երկրի գիտական ներուժի մեծ մասը և մագիստրոսների պատրաստումը ակադեմիական միջավայրում թույլ կտա նրանց շատ արագ ինտեգրվել գիտական հասարակայնության մեջ և ձեռք բերել գիտական մտածողություն ավելի արագ, քան դա տեղի է ունենում այսօր: Որպես ուսուցման հիմնական ձև, ընտրվել է գիտական մագիստրատուրան: Այստեղ մագիստրանտները ստանալու են հիմնավոր մասնագիտական գիտելիքներ, միաժամանակ հիմնական շեշտը դրվելու է գիտական աշխատանքի վրա, որը կավարտվի մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
ՀՀ ԳԱԱ ԳՄԿ-ում գործում են մոտ երկու տասնյակ մասնագիտությունների գծով բաժիններ: Մագիստրատուրայում ուսուցումը տարվում է բակալավրիատի բազային կրթության հիմքի վրա և տրվում է մագիստրոսի որակավորում: Դիմորդների ընտրության հարցում չկան սահմանափակումներ, սակայն ընդունելությունը կատարվում է երկաստիճան սկզբունքով` հարցազրույց, այնուհետև քննություն, որի նպատակն է հնարավորինս հաջող ընտրություն կատարել:
ՀՀ ԳԱԱ ԳՄԿ-ում 2019 թ-ից ընդունելություն է իրականացվում «Հնագիտություն» և «Ազգաբանություն» մասնագիտությամբ բաժնում, որ գիտակրթական գործունեությունը ուղղորդում է ՀՀ ԳԱԱ ԳՄԿ համապատասխան ամբիոնը: Վերջինս գործում է ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնում. ամբիոնի վարիչն է Կենտրոնի տնօրեն, պ. գ. թ., դոցենտ Ա․ Հայրապետյանը:
Դիմորդների ընդունելությունը կատարվում է ամբիոնի դասախոսական կազմից և մագիստրատուրայի ուսումնական մասից կազմված ընդհանուր հանձնաժողովի կողմից: Ընդունելության քննության հարցաշարերն ընդգրկում են այնպիսի հարցեր, որոնք հնարավորություն են տալիս հիմնավորապես ստուգելու դիմորդի մասնագիտական գիտելիքները:
Ուսանողների բազային կրթությունը տարբեր է` պատմություն, հնագիտություն, ազգագրություն և այլն: Ամբիոնում ընդգրկված են հանրապետության լավագույն գիտնականները, որոնք ունեն գիտամանկավարժական գործունեության երկար տարիների փորձ:
Գիտակրթական Միջազգային Կենտրոնը, գտնվելով գիտության օջախում, իր առջև նպատակ է դրել ուսանողներին հասանելի դարձնել գիտական միտքը, սովորեցնել մտածել գիտականորեն: Ահա այս պահանջն է դրվում մագիստրատուրայում ողջ ուսումնառության ընթացքում:
Հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում մագիստրոսական թեզերի թեմատիկայի ընտրության հարցը: Մագիստրոսական թեզերի թեմաները ընտրվում են ուսանողների և ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի համատեղ քննարկումների արդյունքում և հաստատվում ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի գիտական խորհրդում: Ուսանողը պարտավոր է մասնակցել այդ քննարկումներին: Մագիստրատուրան լավագույնս ավարտած երիտասարդ գիտնականները իրենց ուսումը կարող են շարունակել ապսիրանտուրայում` ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցմամբ, կամ ձևակերպվել հայցորդ:
Ուսանողների տրամադրության տակ է ինչպես ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի ողջ գրականությունը, այնպես էլ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի մասնագիտական գրադարանը: Հատուկ թույլտվությամբ մագիստրանտները կարող են օգտվել նաև Ազգային արխիվի, ՀՀ նախարարությունների, վարչությունների արխիվային նյութերից:



ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ։ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ընդունելության կարգին ծանոթանալու համար կարող եք այցելել`
ք, Գյումրի, Վ. Սարգսյան 5ա, 3-րդ հարկ:
Հեռ. +374 12 69477 կամ ք․ Երևան, Մ. Բաղրամյան 24դ, 11-րդ հարկ,
Գիտակրթական միջազգային կենտրոն: Հեռ. +374 10 524 812