ՀՀ ԳԱԱ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Մեր մասին
Շիրակի հայագիտական ուսումնասիրության պատմության մի փոքր հատվածը՝ վերջին ՔՍԱՆ տարին, անխզելիորեն կապված է նաև Գյումրիում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գործունեության հետ: Հանրապետության երկրորդ քաղաքում Գիտությունների ակադեմիայի արդեն գոյություն ունեցող երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմաբանության ինստիտուտի կողքին նաև հումանիտար ակադեմիական կառույցի ստեղծումը հասունացած խնդիր էր դեռ անցյալ դարի 70-80-ական թվականներին: Քաղաքային իշխանությունները գիտության այդ երկու թևերի առկայության մեջ իրավացիորեն տեսնում էին Լենինականում Գիտությունների ակադեմիայի Հյուսիսային մասնաճյուղի հիմնադրման ամենաիրական հնարավորությունը: Ավելին, խնդիրն արդեն գործնականորեն քննարկվում էր Ակադեմիայի նախագահությունում, ընթացք էին ստացել տեղում Բաժանմունքի համար շինության ու նրա ղեկավարության ընտրության հարցերը, այդ մասին սկսել էին խոսել նաև հանրապետական իշխանության ամենավերին օղակներում: Սակայն շուտով՝ 80-ական թթ. կեսերից, հարցը միանգամից գոցվեց, իսկ այդ մասին խոսակցությունները իսպառ դադարեցին: Ապա մեր երկիրը հայտնվեց Աղետի հորձանուտում, նրա հյուսիսը՝ արհավիրքի էպիկենտրոնում՝ բյուրավոր անմեղ զոհերով, ավերակված բնակավայրերով, հարյուր հազարավոր անօթևաններով: Դժնդակ ու նաև հերոսական ժամանաներ եկան, ծանրագույն քաղաքական որոշումների, տնտեսական կատակլիզմների, բարդ ու մինչ այդ չտեսնված հասարակական խմորումների ժամանակներ, ապա պարտադրված պատերազմ եղավ` Արցախյան հերոսամարտը, մեր ինքնության ու տեսակի պահպանման և գոյատևման համար: Որքան էլ տարօրինակ էր, սակայն հենց կիսավերակ Գյումրիում այդ օրերին սկսեցին խոսել հայագիտությունից և ամենևին` ոչ պատահաբար: Ուղղակի Երկրագիտական թանգարանի մի փոքր խումբ երիտասարդ գիտնականներ 1994-ի աշնանը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, մթի ու ցրտի, անտեսելով բարդություններն ու ամեն տեսակի անհարմարությունները, Գյումրի հրավիրեցին հանրապետության մի քանի տասնյակ հայտնի հայագետների՝ քննարկելու Շիրակի պատմամշակութային ժառանգության գիտական ուսումնասիրության վիճակը: Ի մեծագույն պատիվ ու հարգանք հայրենական գիտության մերօրյա մշակների՝ հանրապետական հայագիտական միտքը ջերմորեն արձագանքեց դրան:
Գիտաժողովի հաջողությունը կատարյալ եղավ: Գյումրին առաջին հերթին ինքն իրեն ու ապա նաև բոլորին ապացուցեց, որ չի մարել այստեղ ոչ՜ գիտության լույսը, ոչ՜ վաղվա օրվա հավատը: Անմոռանալի են տեքստիլագործների երբեմնի շքեղ պալատի կիսամութ ու սառը նիստերի դահլիճում երեք օր շարունակ ընթացող գիտական բանավեճերը, վերարկուներում սրթսրթացող, սակայն ցուրտն ու մութն արհամարհած հարյուրավոր մասնակիցների արժանապատիվ պահվածքն ու իրենց արածի կարևորության աներկբա գիտակցումը: 1996-ին գումարված երկրորդ նույնանման գիտաժողովն այլևս որևէ մեկին չզարմացրեց: Նույնիսկ ավելի ներկայացուցչական եղավ. գիտական գնահատանքի ներկայացվեցին առաջին գիտաժողովից հետո հանրապետությունում Շիրակի նյութական ու հոգևոր մասունքների ուսումնասիրության ուղղությամբ նոր ձեռքբերումները: Կարևոր էր նաև այն, որ բացահայտելով մարզում հայագիտական հետազոտությունների մակարդակը, տեղի գիտական մեծ ներուժի իրական հնարավորությունները` այս գիտաժողովները էապես նպաստեցին Գյումրիում Ակադեմիայի հումանիտար կառույց ունենալու վաղեմի ու չարչրկված հարցի ՙվերակենդանացմանը՚: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն ըմբռնումով ընդառաջ գնաց քաղաքի մտավորականության խնդրանքին ու հանրապետության մի շարք անվանի գիտնականների (Վ.Բարխուդարյան, Ս.Համբարձումյան, Ա. Քալանթարյան, Գ.Ջահուկյան, Լ.Հախվերդյան, Ս.Հարությունյան, Ա.Մելքոնյան և ուրիշներ) միջնորդությանը՝ Կառավարության քննարկմանը ներկայացնելով Գյումրիում հայագիտական կառույց հիմնելու առաջարկը: Կռվանները մի քանիսն էին` տեղում գիտական մեծ ներուժի /մանավանդ երիտասարդ կադրերի/ առկայությունն ու նրան գործելու, արարելու հնարավորություն ընձեռելը, Շիրակի հարուստ մշակույթն ու վիրավոր քաղաքի հոգևոր վերածննդի տեսլականը: Այսպես 1997-ի կեսերից սկսեց գործել առաջին տարիներին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնաճյուղ հանդիսացող, իսկ 2002-ից ինքնուրույն Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որ մեր երկրում առայսօր միակ ակադեմիական հումանիտար կառույցն է մայրաքաղաքից դուրս: Ավելի ուշ մեկ-երկու մարզում նմանատիպ գիտական կառույց ստեղծելու փորձերը հաջողություն չունեցան:Շիրակի Հայագիտականի գոյության քսան տարիները, իրոք, եղան ինքնահաստատման ու ձեռքբերումների տարիներ: Նախ հստակեցվեցին պատմական գավառի հնագիտության, ճարտարապետության, հին ու նոր պատմության, ազգագրության և բանահյուսության գիտական հետազոտման մեջ կենտրոնի առաջնահերթությունները, պատվի գործ համարվեց հետազոտական աշխատանքի բարձր որակի ապահովումը պետական ֆինանսավորմամբ իրականացվող թեմատիկ ծրագրերում, որոնք այս տարիների ընթացքում հասան տասնութի և կատարվում են ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ: Դրանք արժեքավոր հնագիտական հետազոտություններ են՝ նվիրված Բենիամինի անտիկ դամբարանադաշտին ու բնակավայրին, Անիի նորահայտ քարանձավային արվարձանին` Հայկաձորին և Մեծ Սեպասարի վաղբրոնզիդարյան տաճարական համալիրին: Դրանք գիտականորեն հիմնավորված համարձակ հարցադրումներ են մ. թ. ա. առաջին հազարամյակում Շիրակի ու Ախուրյանի ավազանի հնագույն բնակչության էթնիկ խմբերի, նրանց պաշտամունքի, առասպելական պատկերացումների, հավատալիքների, հնդեվրոպական հոգևոր ժառանգության, ցեղային երկրների տեղադրման խնդիրների շուրջ: Դրանք նաև հանգամանալից ուսումնասիրություն են Ալեքսանդրապոլի գավառի նորագույն շրջանի՝ XIX- XX դդ. պատմաժողովրդական դրության, սոցիալ-տնտեսական, հասարակական քաղաքական ու կրթամշակութային կյանքի մասին:
Դրանք ուշագրավ ու մանրակրկիտ ուսումնաքննություններ են Շիրակի ավանդական բանահյուսության, ծիսատոնական համակարգի ու դրանց նորօրյա փոխակերպումների վերաբերյալ, աղետի հոգեբանության արդիական խնդիրների, աղետյալ ազգաբնակչության հոգեկարգավորման գործընթացի մեխանիզմների մշակման շուրջ, XIX-XXդդ. Շիրակի տնայնագործության, արհեստների, տնտեսական զբաղմունքների ու տնտեսության օժանդակ ձևերի մասին, Ալեքսանդրապոլ – Լենինական - Գյումրու պատմազգագրական ուսումնասիրության ծիրում ազգագրական հարուստ նյութ ունեցող քաղաքի էթնիկ կազմի, կենցաղի, կենսաապահովման, վերջին երկու հարյուրամյակի ընթացքում էթնո-ժողովրդագրական ու մշակութային զարգացումների մասին, Շիրակի ժողովրդական ու մասնագիտացված երաժշտարվեստի պատմության, նրա ժանրային, լեզվական ու տաղաչափական հիմնախնդիրների, ժողովրդական երգի քաղաքային ավանդույթների ու զարգացման արդի միտումների վերաբերյալ և այլն: Կենտրոնում սկզբից ևեթ կարևորվեց սեփական տպագիր խոսք ունենալու անհրաժեշտությունը: Որոշվեց տարին մեկ անգամ հրատարակել «Գիտական աշխատություններ» հոդվածների ժողովածու՝ 16 հրատարակչական մամուլ ծավալով, բարձրորակ ու գիտական պատշաճ մակարդակով: Այսօր հրապարակի վրա են հանրապետության գիտական շրջանակներում բարի համբավ վայելող և սպասված այդ հանդեսի քսան հատորներ, որոնցում լույս են տեսել Շիրակի հին ու նոր պատմության, հնագիտության ազգագրության, բանագիտության ու բանասիրության խնդիրներին նվիրված շուրջ երեք հարյուր ութսուն հոդվածներ ու հրապարակումներ:
Հետ