ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Շիրակի հայագիտական ուսումնասիրության պատմության մի փոքր հատվածը՝ վերջին ՔՍԱՆ տարին, անխզելիորեն կապված է  նաև Գյում­րիում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գործունեության հետ: Հանրապետության երկրորդ քաղաքում Գիտությունների ակա­դե­միայի ար­դեն գո­­յություն ունեցող երկրաֆիզիկայի և ինժեներական սեյս­մաբանության ինստի­տու­տի կողքին նաև հումանիտար ակադեմիական կառույցի ստեղծումը հասու­նա­ցած խնդիր էր դեռ անց­յալ դարի 70-80-ական թվա­կան­նե­րին: Քաղաքային իշ­­խանու­թյուն­նե­­րը գի­տու­թյան այդ երկու թևերի առկայության մեջ իրավացիորեն տես­նում էին Լե­նի­նա­կանում Գիտությունների ակադեմիայի Հյուսի­սային մաս­­նա­ճյուղի հիմնա­դրման ամե­նաիրական հնարավորությունը: Ավելին, խնդիրն արդեն գործնա­կանորեն քն­նարկ­­­վում էր Ակադեմիայի նախագահու­թյունում, ընթացք էին ստացել տեղում Բա­ժան­­­մուն­քի համար շինության ու նրա ղեկավարության ընտրու­թյան հարցերը, այդ մա­սին սկսել էին խոսել նաև հանրապետական իշխանության ամենավերին օղակներում: Սակայն շու­տով՝ 80-ական թթ. կեսերից, հարցը միանգամից գոցվեց, իսկ այդ մա­սին խոսակցությունները իսպառ դա­դարեցին: Ապա մեր երկիրը հայտնվեց Աղետի հորձա­նու­տում, նրա հյուսիսը՝ արհա­վիրքի էպիկենտրոնում՝ բյուրավոր անմեղ զո­հե­րով, ավե­րակված բնակավայրերով, հարյուր հազարավոր անօթևաններով: Դժնդակ ու նաև հերոսական ժամանա­ներ եկան, ծանրագույն քաղաքական որոշումների, տնտե­­սա­կան կատակլիզմների, բարդ ու մինչ այդ չտեսնված հասարակական խմորումների ժամանակներ, ապա պարտադրված պատե­րազմ եղավ` Արցախյան հերո­սա­մարտը, մեր ինքնության ու տեսակի պահպանման և գոյատևման համար: Որքան էլ տարօրինակ էր, սակայն հենց կիսավերակ Գյումրիում այդ օրե­րին սկսեցին խոսել հայագիտությունից և ամենևին` ոչ պատա­հա­բար: Ուղղակի Երկրագի­տական թանգարանի մի փոքր խումբ երիտա­սարդ գիտնականներ 1994-ի աշնանը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, մթի ու ցրտի, անտեսելով բարդություններն ու ամեն տեսակի անհար­մա­րությունները, Գյումրի հրավիրեցին հանրապետության մի քանի տաս­ն­յակ հայտնի հայագետների՝ քննարկելու Շիրակի պատմամշակութային ժա­ռանգության գիտական ուսումնասիրության վիճակը: Ի մեծագույն պատիվ ու հար­գանք հայրենական գիտության մերօրյա մշակների՝ հանրապետական հայագի­տա­կան միտքը ջերմորեն ար­ձագանքեց դրան:

Գիտաժողովի հաջողությունը կատարյալ եղավ: Գյում­րին առաջին հերթին ինքն իրեն ու ապա նաև բո­լո­րին ապա­ցու­ցեց, որ չի մարել այստեղ ոչ՜ գիտության լույսը, ոչ՜ վաղվա օրվա հավատը: Ան­մո­ռա­նալի են տեքստիլագործների երբեմնի շքեղ պալատի կիսամութ ու սառը նիստերի դահլիճում երեք օր շարունակ ընթացող գիտական բանավեճերը, վերարկուներում սրթսրթացող, սակայն ցուրտն ու մութն արհամարհած հարյուրավոր մասնակիցների ար­ժանապատիվ պահ­վածքն ու իրենց արածի կարևորության աներկբա գիտակցումը: 1996-ին գումարված երկրորդ նույնանման գիտաժողովն այլևս որևէ մեկին չզարմացրեց: Նույնիսկ ավելի ներկայացուցչական եղավ. գիտական գնահատանքի ներկայացվեցին առաջին գիտաժողովից հետո հանրապետությունում Շիրակի նյութա­կան ու հոգևոր մասունքների ուսումնասիրության ուղղությամբ նոր ձեռքբերումները: Կարևոր էր նաև այն, որ բա­ցահայտելով մար­զում հայագիտական հետա­զոտու­թյուն­նե­րի մակար­դակը, տեղի գի­­տական մեծ նե­րու­ժի իրական հնարա­վորու­թյուն­ները` այս գիտաժողով­ները էապես նպաս­տեցին Գյում­րիում Ակա­դե­միա­յի հումա­նի­տար կառույց ունենալու վաղեմի ու չարչրկված հար­ցի ՙվերա­կենդանացմանը՚: Գի­տու­­թյուն­ների ազգային ակադեմիայի նա­խագա­հու­թյունն ըմբռնումով ընդա­ռաջ գնաց քաղաքի մտավորականության խնդրան­քին ու հանրապետության մի շարք անվանի գիտնականների (Վ.Բարխուդարյան, Ս.Համբարձումյան, Ա. Քալանթարյան, Գ.Ջահուկյան, Լ.Հախվերդյան, Ս.Հարությունյան, Ա.Մելքոնյան և ուրիշներ) միջնորդությանը՝ Կառա­վա­րու­թյան քննարկմանը ներ­­կա­յաց­նե­լով Գյումրիում հայագիտական կառույց հիմ­նե­լու առա­ջարկը: Կռվան­ները մի քանիսն էին` տեղում գիտական մեծ ներուժի /մա­նավանդ երի­տասարդ կադ­րե­րի/ առկայությունն ու նրան գործելու, արարելու հնա­րա­վո­րու­թյուն ընձեռելը, Շիրակի հարուստ մշակույթն ու վիրավոր քաղաքի հո­գևոր վերա­ծննդի տեսլականը: Այսպես 1997-ի կեսերից սկսեց գործել առաջին տարի­նե­րին Հնագի­տու­թյան և ազգագրության ինստիտուտի մաս­նա­ճյուղ հանդի­սա­ցող, իսկ 2002-ից ինք­նուրույն Շի­րակի հայա­գի­տա­կան հետա­զո­տու­թյունների կենտրոնը, որ մեր երկրում առայսօր միակ ակա­դեմիական հումա­նի­տար կա­ռույցն է մայրա­քա­ղաքից դուրս: Ավելի ուշ մեկ-երկու մարզում նմանատիպ գիտական կառույց ստեղծելու փորձերը հաջողություն չունե­ցան:Շիրակի Հայագիտականի գոյության քսան  տարիները, իրոք, ե­ղան ինքնահաստատման ու ձեռքբերումների տարիներ: Նախ հստա­կեց­վե­ցին պատմական

գավառի հնագիտության, ճարտարապետության, հին ու նոր պատմության, ազգագրության և բա­նահյուսության գիտական հետազոտման մեջ կենտրոնի առաջնահերթությունները, պատվի գործ համար­վեց հետազոտական աշխատանքի բարձր որակի ապահովումը պետական ֆինանսավորմամբ իրականացվող թեմատիկ ծրագրերում, որոնք այս տարիների ընթացքում հասան տասնութի և կատարվում են ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ: Դրանք արժեքավոր հնագիտական հե­տա­­զո­տու­թյուններ են՝ նվիրված Բենիամինի անտիկ դամ­բարանադաշտին ու բնա­կա­վայ­­րին, Անիի նորահայտ քարանձավային արվարձանին` Հայկաձորին և Մեծ Սե­պա­սա­­րի վաղբրոնզիդարյան տաճարական համալիրին: Դրանք գիտականորեն հիմնա­վոր­ված համար­ձակ հարցադրումներ են մ. թ. ա. առաջին հազարամյակում Շիրակի ու Ախուրյանի ա­­վա­զանի հնա­գույն բնակչության էթնիկ խմբերի, նրանց պաշ­տա­մուն­քի, առաս­պելական պատկե­րա­ցում­ների, հավատալիքների, հնդեվրո­պա­կան հոգևոր ժառանգության, ցեղային երկրնե­­րի տեղադրման խնդիր­նե­րի շուրջ: Դրանք նաև հան­­­գա­­մանալից ուսում­նասիրություն են Ալեք­սանդրա­պոլի գա­վա­ռի նորագույն շրջանի՝ XIX- XX դդ. պատ­մա­ժողովրդական դրու­թյան, սոցիալ-տնտեսական, հասարա­կա­կան-քա­ղա­քական ու կրթամշակութային կյանքի մա­սին:

Դրանք ուշա­գրավ ու ման­րակրկիտ ուսումնաքննություններ են Շի­րակի ավանդական բանահյուսության, ծի­սա­տոնական համակարգի ու դրանց նորօրյա փո­խա­կերպումների վերաբերյալ, աղե­տի հո­գե­բա­նության ար­դիա­կան խնդիր­ների, աղետ­յալ ազգա­բնակ­չու­թյան հոգեկարգա­վորման գործ­ընթացի մեխա­նիզմ­­ների մշակման շուրջ, XIX-XXդդ. Շիրակի տնայ­­­նա­­գոր­ծու­թյան, արհեստների, տնտեսական զբաղ­մունք­ների ու տնտե­­­սու­թյան օժանդակ ձևերի մասին, Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյում­­րու պատ­մազգագրական ուսում­նասիրու­թյան ծիրում ազգա­գրա­կան հա­րուստ նյութ ունեցող քաղաքի էթնիկ կազմի, կեն­ցաղի, կենսա­ապա­հով­ման, վերջին երկու հար­յուրամյակի ընթացքում էթնո­ժո­ղովրդա­գրա­կան ու մշակութային զարգացումների մասին, Շիրակի ժողովրդա­կան ու մաս­նա­գի­տաց­ված երաժշտարվեստի պատմության, նրա ժանրա­յին, լեզ­վա­կան ու տաղա­չա­փա­կան հիմնախնդիրների, ժողովրդական եր­գի քաղաքային ավան­դույթ­նե­րի ու զար­գաց­ման արդի միտումների վե­րաբերյալ և այլն: Կենտրոնում սկզբից ևեթ կարևորվեց սեփական տպագիր խոսք ու­նե­նալու անհրաժեշտությունը: Որոշվեց տարին մեկ անգամ հրատարակել «Գիտական աշխատություններ» հոդվածների ժողովածու՝ 16 հրատա­րակ­չա­­կան մամուլ ծավալով, բարձր­ո­րա­կ ու գիտական պատշաճ մակար­դա­կով: Այսօր հրապարակի վրա են հանրապետու­­թյան գիտական շրջա­նակ­ներում բարի համբավ վայելող և սպասված այդ հան­դեսի քսան հատորներ, որոնցում լույս են տեսել Շիրակի հին ու նոր պատմության, հնագիտության ազգագրության, բանագիտության ու բա­նասիրության խնդիրներին նվիրված շուրջ երեք հարյուր ութսուն հոդվածներ ու հրա­պարակումներ:

 

  Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն
Քաղաքային՝ +374 312 69974, 61353 
Բջջային՝ +374 94411228
Էլ. փոստ՝  hkentron@mail.ru
 
shirakcenter.sci.am © 2011-2017